Աշխատանքը՝ օրախնդիր և ապագայի հույսի թել
Գորիսում ապաստանած արցախցիների ապագան դեռ անորոշ է, մարդիկ նոր են ուշքի գալիս ծանր սթրեսից, բայց ներկան թելադրում է լուծել գոնե օրվա վաստակ ունենալու խնդիրը։

Քաշաթաղից տեղափոխված Սաթենիկ Դալլաքյանը շուտով զույգ աղջիկներ կունենա։ Երկուսն էլ ունի։ Տուն-տեղ, սեփական բիզնես, որին հասել էին 20 տարվա աշխատանքի արդյունքում, կորցրել են։ Սեպտեմբերին սկսված Արցախյան վերջին պատերազմի հետևանքներն ավերիչ էին Սաթենիկի ընտանիքի համար։ Հիմա խնդիրների ծայրը չի երևում, բայց ապրուստի միջոց հայթայթելու համար առաջնայինն աշխատանքն է։ Ապաստանել են Գորիս քաղաքում, փորձելով գտնել որևէ միջոց, աշխատանք՝ իրենց սոցիալական խնդիրները լուծելու, երեխաների հոգսերը հոգալու համար։
Սաթենիկն իր աղջիկների՝ Անգելինայի և Եվայի հետ

Սեպտեմբերի 27-ից Արցախից Գորիս քաղաք է տեղափոխվել

ավելի քան 10 000 մարդ, նրանցից շուրջ

3000-ը շարունակում են բնակվել համայնքում։

«Վարձատրվող հասարակական աշխատանքերի կազմակերպում» և «Գործազուրկ քաղաքացիներին աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում». սրանք ՀՀ կառավարության հաստատած երկու ծրագրերն են, որոնք նախատեսում են ժամանակավոր զբաղվածություն ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների համար՝ մեղմելով նրանց սոցիալական ծանր վիճակը։


Այս ծրագրերում ընդգրկվել կարող են պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում, նաև՝ այն անձինք, որոնց տները վնասվել են, և ստիպված են եղել բնակություն հաստատել Հայաստանում։

«Վարձատրվող հասարակական աշխատանքերի կազմակերպում» ծրագրի նպատակն է ԱՀ գործազուրկ քաղաքացիներին ընդգրկել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում՝ առավելագույնը երեք ամիս տևողությամբ։ Մեկ աշխատանքային օրվա վճարը կկազմի 8000 դրամ՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները:

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրով ԱՀ գործազուրկ քաղաքացիներին կօգնեն աշխատանքային փորձ ձեռք բերել՝ ավելի մրցունակ դառնալու և ժամանակավոր աշխատանքի տեղավորվելու նպատակով։ Շահառուին կվճարվի ամսական աշխատավարձ` 100000 դրամի չափով՝ առանց հարկերի և սոցվճարների։ Դրանք գործատուին կփոխհատուցի պետությունը։
Ծաղկանուշի ընտանիքը պատերազմի հետևանքով Քաշաթաղից տեղահանված եւ Գորիսում բնակություն հաստատածներից մեկն է։ Ամուսինը կռվում վիրավորվել է, ու տեղահանության ժամանակ հնարավորություն չեն ունեցել անհրաժեշտ իրեր վերցնել։
Պատերազմի օրերին Գորիսի համայնքապետարանից, տեղական կազմակերպություններից օգնություններ են ստացել, սակայն զբաղվածության, ընտանիքի կարիքները հօգալու խնդիրն առկախ է։ Կառավարության հաստատած ծրագրերից հետո Ծաղկանուշը դիմել և հաշվառվել է Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնում։


Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Մկրտչյանի խոսքով, Կառավարության ընդունած որոշումից հետո մեկնարկել է արցախցիների հաշվառման գործընթացը։

- Հունվարի 19-ի դրությամբ դիմել է 25 արցախցի, որոնցից հինգը համարվում են զբաղված։ Նրանք դեկտեմբեր ամսվա դրությամբ վարձատրվել են։ Հունվարից, իհարկե, իրավիճակը դեռ անորոշ է։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի խոսքով, պատերազմի ժամանակ և դրանից հետո համայնքապետարանին աշխատանքի համար դիմել են բազմաթիվ արցախցիներ։

«Ունենք 1-2 դեպք, երբ ուղղորդել ենք մարդկանց, հիմնականում հացի փռեր, կարի և խմորեղենի արտադրություն։
Հոկտոմբեր-նոյեմբեր ամիսներին Գորիսում միգրացիոն շարժը հասկանալու համար հարցաթերթիկներ էինք լրացնում, պարզելու՝ քանի՞ արցախցի կա, որտեղի՞ց են եկել։ Այդ ժամանակ ընդգրկել էինք մասնագիտական կարողություններին վերաբերող հարցեր, որոնք հետագայում, ավելի երկարաժամկետ ծրագրերի դեպքում կաող էինք օգտագործել»։
Իրինա Յոլյանի խոսքով Գորիսում տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը զբոսաշրջությունն է։ Կորոնավիրուսով և հատկապես պատերազմով պայմանավորված՝ այս ոլորտը գրեթե պարալիզացվել է։ Աշխատանքի լուրջ խնդիրներ են առաջացել նաև տեղացիների համար․ ռեստորանները, հյուրանոցները ամբողջ ծավալով չեն կարողանում աշխատել։ Այս իրավիճակում աշխատանքի խնդիրը համայնքում շատ լուրջ է։
Ծաղկանուշը շատ արցախցիների նման մեծ ոգևորությամբ է խոսում Կովսականի իրենց տան, առօրյայի, աշխատանքի մասին։ Նա էլ ոչ մի կերպ չի համակերպվում մտքին, որ ունեցածը կորցրել են։ Հույս ունի և ասում է՝ ազատագրելուց հետո հաստատ հետ կվերադառնան։
Հեղինակ՝ Բելլա Պետրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website