Չարենցը, որն ապրում է Քարահունջում

Քարահունջը միայն գյուղի անուն չէ։ «Քարահունջը» խոսք ու զրույցի ներշնչանք է, ուրախությունների սպասված հյուր է։ Ու էդ խորհրդավոր «մասնակցի» ծննդավայրում, Քարահունջում է ապրում Չարենց մականունով Արմեն Մկրտչյանը։
«Երբ առավոտյան արթնանում եմ, էս սարերին մինչև բարլուս չասեմ, չեմ պատկերացնում իմ օրը»,- ասում է սահմանամերձ Քարահունջ գյուղի դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Քսան տարի է, ինչ դպրոցում է աշխատում, սկզբում որպես ուսուցիչ, այժմ էլ արդեն տնօրենն է։ Լավատեղյակ է գյուղական դպրոցի խնդիրներին։ Ասում է, որ դրանք տարբեր են՝ բնագիտական առարկաների լաբորատորիաների գույքի, մանկավարժական կադրերի․․․ խոսքը ընդհատում է, շարունակում պատմել դպրոցի լավագույն շրջանավարտների, իրենց հաջողությունների մասին։
-Սխալ է ասել, որ գյուղական դպրոցի կրթությունը զիջում է քաղաքայինին։ Այո, գյուղում դժվար է կայանալ, բայց դպրոցական կրթության որակը մեզ համար առաջնահերթ է։

Դպրոցից հետո կրթությունը շարունակելու համար երիտասարդները տեղափոխվում են քաղաք, հիմնականում Երևան, նաև արտերկիր։ Քաղաքն իր ձգողական ուժն ունի՝ մշակութային, ժամանցի վայրերով, բայց ամենակարևորն, ըստ տնօրենի, աշխատատեղերի հարցն է՝ գյուղի երիտասարդները զբաղվածության խնդիր ունեն։
- Քարահունջում սպորտդահլիճ չկա, այդ պատճառով գյուղի երիտասարդները դպրոցի դահլիճում են մարզվում, դա ևս հնարավորություն է, որ հատկապես շրջանավարտները շարունակեն կապ պահել դպրոցի հետ, մասնակցեն միջոցառումներին։
-Գյուղի և քաղաքի տարբերություններն ակնհայտ են։ Դրանցից որոշներն առավելություն են տալիս գյուղին, օրինակ՝ միջավայրը, գեղեցիկ մթնոլորտը։ Մեր գրողներից, տաղանդավոր մարդկանցից շատերը գյուղում են ծնվել, ապրել ու ստեղծագործել, դա իրենց ներշնչանքի աղբյուրն է։
Քաղաքն էլ իր առավելություններն ունի, այստեղ են ձգտում՝ կայանալու համար։

-Ես միշտ ասում եմ, եթե գյուղում կարողանաս կայանալ, էլ դուրս գալու խնդիր չես ունենա։ Բայց փաստ է, որ շատերն են դուրս եկել։


Արմենը Գորիս համայնքի ավագանու անդամ է եղել։ Այս անգամ թեկնածությունը չի դրել կապված նոր համամասնական ընտրակարգի հետ։ Ասում է, որևէ կուսակցություն հոգեհարազատ չէր։
Նշում է, որ համայնքների խոշորացումից հետո քաղաքի հետ կապն ավելի է սերտացել։
-Նախկինում միայն գյուղական առօրյայով էինք ապրում, այսօր մասնակցում ու մտածում ենք ամբողջ համայնքի մասին։
Գյուղը կերակրում է քաղաքին, իսկ քաղաքը․․․ ծառայություններ է մատուցում, թատրոն, պատկերասրահ, կինո․ ժամանցն է ապահովում։ 
Քարահունջը սակավահող է, անասնապահության համար արոտավայրերը քիչ են, համեմատած համայնքի մյուս գյուղական բնակավայերի հետ։

-Մարդիկ էստեղ աշխատում են օգտագործելով առկա հնարավորությունները, բայց դրանք հետզհետ է նվազում է։

Աշխատանքից հետո դպրոցի տնօրենն իր տնտեսությամբ է զբաղվում, հավեր է պահում։ ասում է, մանավանդ հիմա, երբ գյուղմթերքների գները բարձրացել են, ձուն ու մսամթերքն այլևս գնովի չեն կարող լինել։

-Թարթանձուկ, բանջար, «ժինգալով հացի» մյուս բաղադրիչ կանաչիներն ունենք տնամերձում, տան հարակից տարածքում։ Ցանկացած պահ, երբ մտքներովս անցնի, կամ հյուրեր ունենանք, կարող ենք արագ հավաքել ու պատրաստել։ Քարահունջի կլիման թույլ է տալիս տաղանակներին «ժինգալով հաց» պատրաստել։ Ոմանց համար դրա վաճառքը նաև եկամուտ է ապահովում։

Քաղաքը կարո՞ղ է էսպիսի առավելություններ ունենալ, իհարկե՝ ոչ։
Դաշտերը հիմնականում գյուղի վերևի մասում են։ Այդտեղ կարտոֆիլ, լոբի, շաղգամ ենք աճեցնում, այգեգործությամբ զբաղվում։ Էդ շաղգամը թթու ենք դնում, հայտնի ճախաթթուն ևս իր գնորդներն ունի։
Համագյուղացիներից որոշները համեմատաբար ավելի մեծ ծավալերով են աճեցնում ու վաճառում, բերքը վաճառքի տանում անգամ Երևանում։
Օղի թորելու հարմարանքը
Քարահունջը միայն գյուղի անուն չի։ Ամռանը Քարահունջում գրեթե բոլորն անցնում են թթից օղի թորելու գործին։ Մկրտչյանը բացառություն չէ։ Տան առաջին հարկում հարմարեցված համակարգով օղին թորում է, քարանձավ-քարատակում էլ պահում։ Պահածոներ, դոշաբ, կարտոֆիլ, անգամ կաթ են պահել քարանձավում։
Վերջինս թաղամասի բնակիչների համար նաև ապաստարան է ծառայել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուսուցիչ, այգեգործ, թռչնաբույծ, օղի թորող․․․ սեղանապետ, այս բնորոշումները բոլորն էլ Մկրտչյանի մասին են։

-Նախկինում ամեն ցեղից ավագը, մեծն իր սրտի խոսքն էր ասում առիթների, հավաքույթների ժամանակ։ Էսօր ես էդ նույն ձևով եմ առաջնորդվում։ Սկզբում բարեկամների, ծանոթների առիթներին մասնակցելուց, սեղանները ղեկավարելուց հետո, առաջարկներ եմ ստացել նաև այլ տեղերից։

- Քարահունջը և մոտ է քաղաքին և հեռու։
Գորիսից չորս կմ է հեռավորությունը։
Դա դրական կողմեր ունի։ Գյուղաբնակներից շատերը աշխատում են Գորիսում, իրենց գյուղմթերքը շուկա են հանում։
Տարբերվում ու առանձնանում ենք գյուղական ավանդույթներով՝ մենք մեր ձևով, քաղաքն՝ իր։
-Մարդիկ էստեղ աշխատում են օգտագործելով առկա հնարավորությունները, բայց դրանք հետզհետե նվազում է։
Արցախյան վերջին պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհն այլևս գյուղ տանող ճանապարհով չի անցնում, այլ՝ այլընտրանքային երթուղով։ Այս փաստը բացասական ազդեցություն է ունեցել, որովհետև նախկինում քարահունջեցիներն այդ ճանապարհի վրա առևտրի կրպակներ, սննդի կետեր ունեին, որոնք այժմ պարապուրդի են մատնված։

Պետք է երազել, նախաձեռնել, նոր քայլեր անել,- սա է Արմեն Մկրտչյանի բանաձևը։ Այն առաջարկում է հատկապես երիտասարդներին, որոնց հետ կապում է գյուղի ապագան։

-Երիտասարդությունը լեռներից հեղեղ է, որը կարող է օրհնաբեր լինել, և հակառակը, կախված, թե ինչպես են նրանց առաջնորդում։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website