Շուռնուխից՝ Բաքվի բանտ․
30 տարի անց էլ վերքերը չեն սպիացել
Ասում են, պատմությունը կրկնվելու հատկությունի ունի. 30 տարի անց այս
պատմությունը կարող էր կրկնվել, սակայն բարեբախտաբար, Ասրյանների ընտանիքն
այս անգամ դաժան անցյալը վերապրելու առիթ չունեցավ։
Հենրիկ Ասրյանն առաջնագծում էր ու ողջ և առողջ վերադարձավ տուն։
Բայց 1991-ի Շուռնուխի դեպքերը երբեք չի մոռանա։
ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի նախագահն է, ինչպես այս անգամ, 30 տարի առաջ էլ նույն՝ Քարահունջ, Որոտան, Բարձրավան, Շուռնուխ պաշտպանական գծի հրամանատարն էր։ Արցախյան ազատամարտը սկսելուն պես, ընտանիքի հետ, 1989-ին միջին Ասիայից տեղափոխվել էր Գորիս ու միացել սահմանների պաշտպանությանը։ Շուռնուխ գյուղից, որտեղ այսօր էլ իրավիճակը լարված է,
1991թ․-ի մայիսի 7-ին, գյուղի տղամարդկանց հետ նրան նույնպես գերեվարվել են։
Ասում է, որ հիմա էլ շատ դժվար է հիշել ու պատմել այդ օրերի մասին՝
չնայած 30 տարի առաջ է գերի եղել։ Դժվար է նաև, քանի որ գիտակցում է, այսօր
իր նման շատերն են ադրբեջանական գրության մեջ։
Շուռնուխում միայն կանայք էին մնացել։ Նրանք էլ, իրենց երեխաների հետ, անտառներով փախել էին, հասել Գորիս։ Գյուղի տղամարդկանց մեծ մասին 28 օր Շուշիում պահելուց հետո, ադրբեջանցիները բերել, Տեղ գյուղի սահմանին մոտ բաց էին թողել։
Սակայն հրամանատար Ասրյանին և մյուս զինվորականներին
տեղափոխել և պահել են նաև Բաքվում՝ Բայիլովի բանտում։
Հենրիկ Ասրյանը հիշում է դեռ Շուշիի բանտում անցկացած օրերից այս դրվագը։
«Ամեն օր մեզ՝ գերիներիս, մեկ թեյի գդալ շաքարավազ էին տալիս։ Քրոջս տղան էլ էր գերի, Շուշիում էր 18-ամյակը լրանալու։ Շուշիի բանտի 38 խցիկներում հայեր էին։ Բոլորին լուր հասցրի, որ էսօր Գառնիկի ծնունդն է, ու խնդրեցի, որ իրենց հասանելիք մի գդալ շաքարավազը պահեն, հավաքենք, հասցնենք նրան։ Ու էդպես Գառնիկի 18 ամյակին 38 գդալ շաքարավազ «նվեր արեցինք»։
«Էտ դեպքից մոտ մեկ շաբաթ հետո, մի ընտանիք զանգեց ինձ, որ ուզում են Շուռնուխ գնան, անձնական իրեր վերցնելու։ Հետաքրքրվում էին՝ կուզեի՞ ես էլ գալ։ Միանգամից համաձայնեցի։ Նման առիթի սպասում էի, որովհետև Հենոյի ու ջոկատի տղաների զենքերը էնտեղ էին մնացել։ Եթե նրանց բանտում ծեծեին, գուցե զենքերի տեղը ասեին, գտնեին, գործ կհարուցեին։ Պետք էր ամեն կերպ հանել զենքերը գյուղից։
Ճանապարհին ոչ մեկը չկար, ոչ էլ՝ մեքենա, նույնիսկ թռչունների ձայն չէր լսվում։
Որ թուրքը մեզ էլ տաներ, ոչ ոք չէր իմանա։
Հասանք գյուղ, գնացի, վերցրի զենքերը, գցեցի ուսիս, վրայից էլ մի խալաթ
ունեի էնտեղ մնացած, հագա, որ չերևան։
Վերադարձին վարորդը՝ Սաքոն, երբ նստեցինք մեքենան, հարցրեց թե՝ բա՞ որ ճանապարհին թուրքերի հանդիպենք, մի բան լինի, ի՞նչ պետք է անենք։ Զենքերից մեկը հանեցի, ասացի՝ դու հանգիստ քշի, Հենոն ինձ կրակել սովորեցրել է,
եթե հանդիպենք՝ կկրակեմ...
Լավ պրծանք, առանց փորձությունների տեղ հասանք»,-
պատմում է Հենրիկ Ասրյանի կինը՝ Էլադա Օսիպյանը։
Հենիկ Ասրյանին փոխանակեցին Ադրբեջանի նախկին նախագահ
Մութալիբովի քրոջ ամուսնու հետ։
«Երբ վերադարձա գերությունից, հազիվ էի քայլում, որովհետև թութակի կեր էին տալիս, առանց յուղի առանց ինչ-որ բանի։ Օր է եղել, որ 1 հատիկ բրինձ էին տալիս, եթե բողոքեի, մի բան ասեի,
ասեի՝ քիչ է, կտանեին ծեծելու»,- հիշում է Ասրյանը։
«Էս պատերազմին շատ էի վախենում, որ հանկարծ նորից գերի չվերցնեն Հենոյին։ Ես մի կերպ կհաշտվեի նրա զոհվելու լուրի հետ, բայց միայն թե նորից գերի չընկներ։ Գիտեմ էդ դառնությունը, ինչ օրեր է նա անցկացրել, ինչ օրեր՝ մենք։ Հիմա, որ լսում եմ գերիների մասին, ցավ եմ ապրում, աննկարագրելի ցավ»,- ասում է Էլադա Օսիպյանը։