Տասը տարի հետո մասնագետ

չենք ունենալու



Անասնաբույժ, ագրոնոմ, կաթի տեխնոլոգ, մեխանիզատոր, տրակտորիստ... Գորիսի տարածաշրջանում արդեն մասնագիտական կադրերի լուրջ խնդրի առջեւ են։

Նշված մասնագիտությունների հանդեպ երիտասարդների հետաքրքրությունն ընդհանրապես մեծ չէ։ Ու մասնագիտական կրթություն ստանալու համար երիտասարդներն այս կրթությունն ընտրում են, քանի որ անվճար տեղերի համար մրցակցությունը մեծ չէ ու նաեւ՝ կրթաթոշակ են ստանում։

Կոռնիձորցի Գուրգենն է Պետրոսյան։ Պատմում է, որ մի շաբաթ առաջ իր ցուլիկին փրկել ու ոտքի է կանգնեցրել գյուղի անասնաբույժը։

«150-200 հազարանոց ցուլիկ էր, 5000 դրամ ես տալիս, էդ մարդիկ իրենց գործն անում են, մենք էլ անասուն չենք կորցնում։ Նույն ձևով էլ խոզի դեպքում էր․ եկել ա սրսկել՝ լավացել ա»։

Ինչո՞ւ այդքան պահանջված մասնագիտությունը չի հետաքրքրում երիտասարդներին։

«Երևի ուզում են ավելի լավ մասնագիտություն սովորեն, չեն ուզում կեղտոտ գործի հետ առնչվել։ Ծանր գործ ա, գիշերվա որ ժամին ասես, տանում, բերում, գնում գալիս, ամբողջ օրը՝ ոտքի վրա»,- պատասխանում է Գուրգենը։

Գուրգեն Պետրոսյան
Գյուղատնտես

Յուրա Հովակիմյան
Անասնաբույժ
Յուրա Հովակիմյանը Կոռնիձոր գյուղի անասնաբույժն է, մինչև 2021-ի օգոստոս ամսվա վերջը համակարգել էր Գորիս, Տեղ, Տաթև համայնքների անասնաբույժների աշխատանքը որպես ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի համաճարակաբան։

Ասում է, որ երեք համայնքում աշխատում են 17 անասնաբույժներ եւ պատվաստումներ կատարելու համար 7-օրյա վերապատրաստում անցած երեք պատվաստողներ (վակցինատորներ)։

2021 թվականի հունվարից անասնաբույժները պայմանագրային աշխատողներ են դարձել, այսինքն՝ աշխատող են համարվում և վարձատրվում են ոչ բոլոր ամիսներին։ Սա լուրջ դժգոհության տեղիք է տվել առանց այն էլ ցածր վարձատրվող ու փոքրաթիվ մասնագետների շրջանում։ Նրանք խնդիրների են հանդիպում նաև աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ։

Այս տարվա վերջում անասնաբույժների խնդիրն ավելի է սաստկանալու։ Շուրջ 12-13 հոգի պատրաստ է դուրս գալ աշխատանքից, սպասում են մինչ տարվա վերջ՝ պայմանագրի ժամկետի լրանալուն։
Յուրա Հովակիմյան
Միայն Գորիսի տարածաշրջանի Տեղ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Հարժիս բնակավայրերում անասնաբույժ չկա, մյուսներում էլ՝ խնդրելով են պահում։

«Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի ղեկավար Էդգար Թոխսանցն ասում է, որ անասնաբույժների հարցը շատ խիստ ու ցավոտ է, մասնագետ չկա։ Վարձատրվում են՝ ըստ բուժած կենդանու գլխաքանակի։ Հալիձորում, օրինակ, անասնաբույժի միջին աշխատավարձը կազմում է 28-30 հազար դրամ։

«Սիբիրախտը, բրյուցելոզը եթե բռնկվի, եղած բժիշկները չեն կարողանա որևէ բան անել․․․»,- ասում է նա։

Էդգար Թոխսանց

Խոշոր եղջերավոր 1 անասունի պատվաստումն արժե 167,

մանր եղջերավորինը՝ 100.2 դրամ՝ հարկերը ներառյալ։

Առանց հարկերի՝ 100 դրամից մի փոքր ավելի է կազմում։

Սյունիքի մարզում, պաշտոնյայի խոսքով, ամենածանր իրավիճակը Գորիսի տարածաշրջանում է։ Ու որքան էլ տարօրինակ է, պատճառն այն է, որ այստեղ անասնագլխաքանակը շատ է, շուրջ 25000 գլուխ, ի տարբերություն, օրինակ, Կապանի՝ 6000 խոշոր եղջերավոր, ու քանի որ քիչ է, այնտեղ մարդիկ հասցնում են պատվաստումներն արագ ավարտել եւ կողքից այլ աշխատանք էլ անել։

Մինչ Սյունիքում մտածում են, ինչ ելքեր գտնել ու ահազանգ են հնչեցնում, Վայոց ձորի մարզում, օրինակ, խնդրի լուծում գտել են։ Այնտեղ անասնաբույժներն աշխատում են ոչ թե պայմանագրային հիմունքներով, այլ՝ որպես համայնքային աշխատող եւ ֆիքսված աշխատավարձ են ստանում ամեն ամիս՝ 60-100 հազար դրամ, որոշ գյուղերում նույնիսկ մի փոքր ավելի։ Դրան ավելանում է նաեւ պետպատվերի շրջանակներում կատարվող աշխատանքների գումարը եւ մասնագետները սիրով աշխատում են։

Այսուհանդերձ, մասնագիտական կադրերի պակաս կա ամենուր, ու Է․ Թոխսանցն առաջարկում է կրթությունից սկսել։

Այսօր հասել ենք էն օրին, որ պետք է որոշակի փոխզիջումների գնալ, թեկուզ՝ ժամանակավոր։ Թե՛ առանց քննություն կլինի, թե՛ առանց վարձավճարի, ամեն դեպքում մի շահագրգիռ բան պետքա է լինի, որ ասեն՝ գնամ, սովորեմ։
Էդգար Թոխսանց
Վերջին 25 տարում Գորիսի տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ
անգամ 1 անասնաբույժ չի ունեցել։
Սյունիքի մարզում գյուղատնտեսական մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։
Սիսիանի մասնաճյուղում 2019-ից սկսել են իրականացնել նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագիր։
Այս պահին աշխատող ունենք, որը գյուղատնտեսական քոլեջում սովորելու տարիներից սկսած՝ շատ հիանալի տիրապետում է մասնագիտությանը։ Հիմա ուզում է Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղում սովորել, վարձավճարն, իր աշխատավարձի համեմատությամբ, շատ-շատ բարձր է... Ստացվում է, էն մարդիկ, ովքեր, իրոք, ուզում են սովորել, վարձավճարի խնդիր ունեն։ Բայց կան սովորողներ՝ էդպես էլ չեն ուզում աշխատել...
Էդգար Թոխսանց
«Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի ղեկավար


Ագրարային համալասարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Վանդունցը, կարևորելով կրթական հաստատության դերը, նշում է, որ սկսել են մի շարք ծրագրեր իրականացնել նյութատեխնիկական բազայի համալրման, հատկապես պրակտիկ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Ագրարայինի՝ Սիսիանի մասնաճյուղի աշխատակիցները ոլորտում կադրերի հարցի լուծումը տեսնում են յուրաքանչյուր համայնքում մասնագետների առկայությունը՝ որպես համայնքային աշխատողներ, ոչ թե որպես ՊՈԱԿ-ի աշխատակից գյուղատնտես։ Առաջարկ են ներկայացնում եւ նշում են, որ այս դեպքում կլուծվի նաեւ կրթական հաստատություններում սովորողների ու դասավանդող կադրերի խնդիրը։

Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի գրադարանը
Նյութատեխնիկական բազան աստիճանաբար հարստացվում է, սակայն դասավանդող մասնագետների պակասի խնդիրն առայժմ առկախ է։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Վանդունցն ասում է, երբ անհրաժեշտ է լինում նեղ մասնագիտական գծով կադրեր ներգրավել դասախոսական աշխատանքում, դժվարությունների առջեւ ենք կանգնում։ Փոխկապակցված խնդիր է՝ տեղում մասնագետ-կադրեր չունեն, կամ էլ ցածր աշխատավարձով աշխատելու ցանկություն չունենան։ Ի վերջո, խնդիրը լուծում են՝ մայր բուհից համապատասխան մասնագետներ հրավիրելով. գործուղվում են, կամ հեռավար եղանակով են դասավանդում։



Գյուղատնտեսական մասնագիտական կադրերի բացը մարզում լրացնելու համար Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ևս նշում է կրթության կարեւորությունը։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը գործում է արդեն 90 տարի։
Այս ընթացքում ուսանողների ամենաքիչ թիվը վերջին տարիներին է։


«Սերնդափոխության խնդիր ունենք։ Գյուղատնտեսական առարկաների մասնագետները հիմնականում տարիքով են, երիտասարդները չեն նախընտրում այս ոլորտը»,- կադրային սուր խնդիրներն է նշում նաեւ Գորիսի պետական գյուղատնեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանը։

Գյուղատնտեսական մասնագիտություններն իրականում մեծ պահանջարկ ունեն։
Եթե պետական համակարգում նրանց աշխատավարձները ցածր են, կարելի է մտածել մասնավոր սեկտորի մասին՝ անասնաբուժական սեփական կլինիկա բացելու, պանրի գործարան հիմնելու ուղղությամբ։ Սկսելը դժվար է, բայց լուծումը սա է. հեռանկարային կարող է լինել։
Նունե Ավետիսյան
Գորիսի գյուղատնտեսական քոլեջի զարգացման նպատակով ծրագիր է ներկայացվել Եվրամիությանը։ Այն հաստատվել է։ Նախատեսվում է կառուցել նոր ուսումնական շենք, համալրել նյութատեխնիկական բազան, ստեղծել պրակտիկ դասերի համար ջերմոցներ, լաբորատորիաներ, ձեռք բերել գյուղտեխնիկա։ Քոլեջի ներկայիս շենքն էլ նախատեսվում է դարձնել հանրակացարան, ինչը հնարավորություն կտա այլ բնակավայրերից եւս ուսանողներ ընդունել։

Գորիսի քոլեջի ապագա շենքը

Գյուղքոլեջի դիդակտիկ պաստառներ են, որոնք անկախ իրենց «տարիքից», դեռ երբեմն կիրառվում են դասապրոցեսի ժամանակ։
Մասնագիտական կադրերի խնդիրը քոլեջի տնօրենը ևս կապում է նվազագույն վարձավճարների հետ։ Երիտասարդները նախըտնում են բարձր վարձատրվող ոլորտներում աշխատել։

«Մեր դասախոսները ինչ-որ տեղ բարեգործական աշխատանք են կատարում։ Սովետական տարիներին մենք մի քիչ ռոմանտիկ էինք, աշխատավարձն այդքան հիմնական պայման չէր։ Այսօր կան շատ սոցիալական խնդիրներ, որոնք ստիպում են, որ մարդիկ, անկախ նախասիրություններից, զբաղվեն շահավետ աշխատանքով»։
«Գյուղատնտեսությունը պետք է զարգանա, առանց դրա մարզն ապագա չունի։ Սա ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, ու խնդիրները պետք է լուծվեն՝ անկախ բոլոր դժվարություններից»,- եզրափակում է Նունե Ավետիսյանը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website