Նոր գյուղատնտեսություն.  
  գայթակղիչ, բայց՝ դժվար

Սյունիքում,գյուղատնտեսության ոլորտում, նոր տեխնոլոգիաների կիրառման նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղոլորտի ծրագրեր իրականացվում են նաև այս մարզում:

Գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ոլորտն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն է ստեղծում: Օրինակ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս խուսափել բնակլիմայական պայմանների պատճառով բերքի կորստից, առավել ինտենսիվ պայմաններ ստեղծել մշակաբույսերի համար։
Վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը հատկապես ինտենսիվ այգիների նկատմամբ։
Գյուղատնտեսական ինտենսիվ այգիներ հիմնելու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ բաղադրիչները
Թզուկաճ կամ ցածրաճ սորտեր
Ոռոգման արդիական համակարգ՝ կաթիլային կամ արհեստական անձրևացման համակարգ
Կարկտապաշտպան ցանցեր
Էկոնոմիկայի նախարարության կողմից ամեն տարի պետական աջակցության ծրագրեր են հայտարարվում ինտենսիվ այգիներ հիմնելու համար: Տրամադրվում է մինչև 8 տարի մարման ժամկետով, ցածր տոկոսադրույքով ( այժմ՝ 0 %-ով) վարկ, բացի այդ, նաև տրվում է 5 տարի արտոնյալ ժամկետ, այսինքն՝ մարումները կարող են սկսվել այդ ժամկետից հետո, այգուց ստացած բերքի վաճառքից:
Ոռոգման արդիական համակարգի ներդրման համաֆինանսավորման ծրագրի համար դիմողների թիվը  2019թ.-ին կրկնապատկվել է 2018-ի  համեմատ:
Գյուղատնտեսները նշում են, որ ոռոգման արդիական համակարգ կիրառելով կարելի է տնտեսել և՛ ջրի ծախսը, և՛ աշխատուժը, և՛արդյունավետ օգտագործել ժամանակը։ Բացի այդ, ոռոգումը կատարվում է համաչափ, ինչը ավանդական առուներով ոռոգման դեպքում հնարավոր չէ: Այդպես նաև ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը:
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում փորձ է արվել գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ընկուզենու թզուկաճ սորտերով այգի հիմնել։ Հիմնել են ու հիմա լուրջ խնդիր ունեն: Տարածքում ոռոգման ջուր չկա։ Արսեն Ղալդունցը պատմում է, որ ջուրը բերում են 15կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրից։ Մեկ անգամ բերած ջուրը հերիքում է ընդամենը մի քանի տնկի ջրելու համար: Օրվա ընթացքում հնարավոր չէ անընդհատ 15 կմ գնալ-գալ, որ բոլոր տնկիները ջրել։ Միքայելն ու Վարդանը, մի հնարք են օգտագործում, որպեսզի ջրելուց հետո խոնավությունն ավելի երկար մնա։ Կաթիլային ոռոգման հարցը նրանց համար օրախնդիր է։
Թզուկաճ ընկուզենիների բարձրությունը երկրորդ տարում մի մետրից չի անցնում, բայց արդեն բերք է տալիս: Ի տարբերություն սովորական ընկուզենու, շատ չի մեծանում, քիչ տեղ է զբաղեցնում, ավելի բերքատու է, իսկ բերքի որակն էլ չի զիջում հայաստանյան տեսակներին:
Վահագն Գալստյան
Անցած տարի ինտենսիվ այգիներ հիմնելու նպատակով, պետական աջակցության ծրագրից օգտվելու համար պետք էր ապահովել միանգամից 3 բաղադրիչ, որը մեծացնում էր վարկի գումարի չափը։ Այդ պատճառով շատերը խուսափում Էին դիմել աջակցության ծրագրին։ 2020թվականից աջակցության ծրագրեր տրամադրվում են նաև առանձին բաղադրիչների համար։ Վահագն Գալստյանը կարծում է, որ առանձին բաղադրիչներով դիմելը ֆինանսապես իրենց ավելի հարմար է:

Զավեն Գրիգորյանը Սիսիան համայնքի Իշխանասար գյուղում խնձորենիների ինտենսիվ այգի է հիմնել։ Ծառերը թզուկաճ տեսակներ են: Այգին պաշտպանված է հակակարկտային ցանցով, ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով։ Զավեն Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր ծառ օրական ստանում է 4լ ջուր՝ 2 ժամվա ընթացքում, որոշ սորտեր էլ՝ 6լ ջուր։
Զավեն Գրիգորյան


Ծառատեսակները տնկվել են առանձին շարքերով, որոնք համարակալվել են ու գունավորվել։ Յուրաքանչյուր շարքի գույնը պայմանավորված է պտուղների երանգով։
Զավեն Գրիգորյանը նշում է, որ գյուղատնտեսությունն ամենաբարդ բնագավառներից է, և լավ արդյունքի հասնելու համար, անհրաժե՛շտ է նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Տեխնոլոգիաներին զուգահեռ, սակայն, պետք է անպայման գյուղատնտեսությունից գլուխ հանել, միշտ նորացնել գիտելիքը:
Ինտենսիվ այգիների մշակումը թեև ավելի հեշտ է, բայց, ինչպեսև ենթադրելի է, դրանք հետևողական խնամք են պահանջում։ Զավեն Գրիգորյանն ասում է, որ մարդիկ շատ հաճախ պատրաստ չեն նոր գիտելիք յուրացնել:
Լուսանկարում նրա հիմնած ինտենսիվ այգու աշխատողներն են, որոնք գալիս են տարբեր համայնքներից: Իշխանասար գյուղից հնարավոր չի եղել աշխատողներ հավաքագրել, աշխատել ցանկացողներ չեն գտնվել: Տպավորություն է, որ մարդիկ չեն ուզում գյուղատնտեսության մեջ աշխատելով գումար վաստակել: Հաճախ նրանք գերադասում են նպաստ ստանալ, քան ջանք ներդնել՝ նոր գիտելիքի ու աշխատանքի համար: Շատերը կարող են վկայակոչել դեպքեր, երբ  գյուղացիները վաճառել են իրենց անասունը, որպեսզի նպաստ ստանան:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website