Գյուղացու հատիկը պարկում է մնում

Սյունիքի բարձրադիր գյուղերում բնակիչները չեն խորշում նոր մշակաբույսեր ցանել, ջանք չեն խնայում, որ հողից լավ բերք ստանան։ Սակայն մեծ տանջանքով ստացած բերքի իրացումը լրջագույն խնդիրների առջև է կանգնեցնում գյուղացուն։

Խնձորեսկցի գյուղատնտես Էդիկ Բունիաթյանը երեք տարի առաջ որոշեց հնդկացորենի մշակությամբ զբաղվել։ Հնդկացորենի մշակումից է ստացվում շուկայում այնքան պահանջարկ ունեցող հնդկաձավարը։ Ծովի մակարդակից 4 տարբեր բարձրությունների վրա արված ցանքսից 7 հեկտարից ավելի քան 7 տոննա հնդկացորեն ստացավ՝ անգամ երկու կարկտահարությունից հետո։

Սյունիքի մարզում տարիներ առաջ ևս զբաղվել են հնդկացորենի մշակությամբ, սա վերջին փորձն էր։ Հայաստանում դեռ 2015-ին՝ Ծովագյուղում և 2017-ին՝ Բավրայում հիմնվել էին հնդկաձավարի վերամշակման գործարաններ, որտեղ վերամշակում էին նույն համայնքներում աճեցված հնդկացորենը։ Այսօր դրանք չեն աշխատում։ Շուկայում բավականին լավ սպառում ունեցող հնդկաձավարը մեծամասամբ ներկրվում է։ Տեղում աճեցված բերքի վերամշակումը բարդ խնդիր է դարձել։ Այդ պատճառով էլ, լավագույն դեպքում, այն սնունդ է դառնում խոզերի և թռչունների համար։


«Ի սկզբանե որոշել էի միանգամից մեծ հեկտարների վրա ցանքս կատարել։ Կառավարությունից հորդորել էին զբաղվել հնդկացորենի մշակմամբ և խոստացել տրամադրել 27 մլն անտոկոս վարկ։ Դրա համար նույնիսկ սկսել էի հողակտորներ վարձակալել Սիսիանի տարածաշրջանում։ Դա մինչ հեղափոխությունն էր... Հետո պայմանավորվածությունները չեղարկվեցին, և ցանքս կատարեցի միայն Խնձորեսկում»։


Ծովագյուղի գյուղապետը ևս ժամանակին Էդիկ Բունիաթյանին հորդորել էր մշակել հնդկացորեն՝ վերամշակումն իր գործարանում իրականացնելու խոստումով։ Բավրայի վերամշակման գործարանում ևս Սյունիքից ուղարկված բերքի նմուշը գնահատել են բարձր որակի և հորդորել պահել։ Խոստացել` գործարանում առկա խնդիրները լուծելուց հետո վերամշակել և իրացնել հնդկաձավարը։ Թե ե՞րբ, կոնկրետ ժամկետ չեն նշել։ Մեզ հետ հեռախոսազրույցում ևս Բավրայի «Նոր հատիկ» կոոպերատիվի տնօրեն Կորյուն Սումբուլյանը նշեց, որ առաջիկայում կփորձեն վերագործարկել գործարանը. «հակամրցակցային քայլերի հետևանքով ծանր իրավիճակում են»։

Էդիկ Բունիաթյանն ասում է՝ համաձայնել է հնդկացորենը տրամադրել կիլոգրամը 200 դրամով, սակայն բերքը դեռ պարկերում է։ Վերջում էլ կեսկատակ ավելացնում է, թե երևի ողջ Հայաստանում արդեն գիտեն, որ Խնձորեսկում հնդկացորեն կա վերամշակման։



«Պատրաստ եմ նորից այս 7 տոննան ցանել, տալ ժողովրդին, որ իրենք էլ ցանեն, եթե հետո կարողանանք իրացնել։ Մենք կմշակենք, որքան կարիքը լինի, ինչքան պահանջվի, այս դեպքում խնդիրը միայն վերամշակումն ու իրացումն է»։


Շաղատում ճարը գտել են

Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրում, որտեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ, արդեն 2 տարի է, գործում են նաև կտավատի

և ձավարի վերամշակման արտադրամասեր։ Բնակավայրի վարչական ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանի խոսքով, արտադրամասերը հիմնվել են միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ։

Կտավատի դաշտը

Արտադրամասում կտավատի սերմերից ճզման, մալման և զտման միջոցով ձեթ են ստանում։ Այն ապահովում է տեղացիներին ձեթի պաշարներով, նաև՝ որոշ քանակություն հանում են վաճառքի։
Այս մշակաբույսը մեծ խնամք չի պահանջում, չեն ոռոգվում, աճում է հիմանակում բարձրադիր գոտիներում։
Շաղատում այս տարի ցանել են ավելի քան 4հա տարածք, և այսքանից շուրջ 4 տոննա բերք են ակնկալում։
Կտավատի արտադրամասը
Կտավատի մշակությունից զատ, Շաղատում զբաղվում են նաև հաճարի մշակությամբ։
1200 բնակիչ ունեցող գյուղում հիմնվել է արտադրամաս, և տեղում կազմակերպվում է բերքի վերամշակումը։
Այստեղ բերքը տարբերակվում, զտվում է, որից հետո ստանում են տարբեր կարգի հաճար։

Փոքր գյուղերում հիմնված փոքր արտադրությունները ոչ միայն գյուղացիների զբաղվածության հարցն են լուծում, այլև ճանաչելի դարձնում դրանք գյուղատնտեսական շուկայում։ Շաղատի հաճարը մայրաքաղաքում արդեն

շատ լավ է սպառվում, բայց սա առանձին դեպքերից է։


Ընդհանրապես, ստացվող բերքի վերամշակումն ու սպառումը, գյուղացիների խոսքով, շարունակում են մնալ իրենց հիմնական խնդիրներից մեկը։ Շատ դեպքերում հենց դրանք են խանգարում ոլորտի զրագացմանը։ Ասում են, անտոկոս վարկերն ու արտոնյալ ժամկետները կարևոր նախադրյալ են գյուղատնտեսությամբ հետաքրքրվողների համար, սակայն՝ ոչ բավարար։

Հեղինակ՝ Բելլա Պետրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website