Անուշահամ մրգերի երկիր` Մեղրի
Հայաստանում հաստատ բոլորը գիտեն, որ Մեղրու միրգն անկրկնելի է, սակայն թե ինչ պայմաններում եւ ինչպիսի ջանքերով է մշակվում այն, շատերն անտեղյակ են։
Այս պատմությունը այն մասին է, թե ինչ դժվարություններ ունի մեղրեցին, եւ ինչպիսի հեռանկարներ կան գյուղատնտեսության զարգացման համար։

Մեղրին հանրապետության ամենահարավային կետն է, որի

660,7 կմ քառ․տարածքն ընդգրկում է Հայաստանում առկա գրեթե

բոլոր կլիմայական գոտիները։


Այժմ արդեն Ադրբեջանին սահմանակից դարձած Նռնաձոր գյուղը գտնվում է ծովի մակարդակից 374․6մ բարձրության վրա,

իսկ Փարաքար լեռան հյուսիսային գագաթի ամենաբարձր

կետը 3726 մ է։

Հենց նաեւ այս բազմազանությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու լայն հնարավորություններ է ընձեռում տեղի բնակիչներին։ Մասնագետները փաստում են, որ Մեղրիում մերձարևադարձային մշակաբույսերի աճեցման համար լայն հնարավորությունների, ներուժի 50% է օգտագործում․ պատճառները տարբեր են՝ սակավաջրություն, քարքարոտ հողատարածքներ։

Թուզ, նուռ, արքայանարինջ, ձիթապտուղ, կիվի, կեռաս, բալ, տանձ, խնձոր, բանան․․․ Ամեն ինչ աճում է այս դրախտային տարածքում։
Մեղրեցի Միքայել Ծատրյանի այգում այս բարիքներից կան։ Լեռնոտ տարածաշրջանում, ինչպես մյուսները, մեծ ներդրումներ է կատարել տարածքն այգի դարձնելու համար։ Իսկ յուրաքանչյուր ծառ ու թուփ աճեցնելու համար ուսումնասիրել է նրանց մշակության գաղտնիքները։ Ասում է, որ կան ծառեր, որոնք ինքափոշոտվում են, որոշների փոշոտումը կատարվում է հարևան ծառից, որովհետև Մեղրիի այգիները միմյանց մոտիկ են գտնվում։
Տարիներ առաջ, դեռ խորհրդային շրջանում, յուրաքանչյուր ընտանիքի տրվում էր 300-400 քմ հողատարածք, մնացածը՝ հանրային էր։ Ծատրյանն ասում է, որ մեղրեցին դեռ այդ ժամանակներից մինչեւ հիմա փոքր տարածքի վրա մշակում է տարբեր տեսակի ծառեր, բույսեր։ Բերքի մասը վաճառում կամ փոխանակում է, ինչը շատերի համար եկամտի աղբյուր է։ Մեղրու բնակլիմայական պայմանները թույլ են տալիս լավ ու յուրահատուկ համով բերք ունենալ, դրանով պայմանավորված՝ բոլորն էլ կարողանում են իրացնել բերքը։

Գյուղատնտեսությամբ զբաղվում են գրեթե բոլորը։ Շատ են տնամերձ այգիներ ունեցողները։ Կան նաեւ մեծ այգիներ, մրգի մթերման կետ ունեցողներ։ Բայց ջրի եւ հողի խնդիրն, իրապես, լուրջ է եւ այդ մասին նշում է նաեւ Ծատրյանը։
«Մեղրու բնությունը, կլիման ոնց որ Աստծո պարգև լինեն, հողային ֆոնդն է քիչ։ Իմ այգին խճաքարի գործարանի ավազի, հողի մնացորդների, քարերի վրա լցրած հարթեցված տարածք է։ Մեկ էլ ջրի խնդիր կա, եթե փոքր ջրավազան, լիճ, ամբարտակ չկառուցվի, ապագայում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»։
Միքայել Ծատրյան
Այգեգործ
Ծատրյանը 15 տարի է, ինչ աճեցնում է նաև բանանի թուփ, ինչպես շատ մեղրեցիներ, որոնք փորձում են արեւադարձային մրգեր աճեցնել, ինչն այս կողմերի համար նորություն է։ Օրինակ, կիվիի հարցում հաջողել են, ու շատերի այգիներում կարելի է հանդիպել դրա թարմաները։ Կիվին Մեղրիում խաղողի պես աճում, հասունանում եւ քաղցրահամ պտուղ է դառնում։ Ա՛յ, բանանը դեռ բերք չի տալիս, թեեւ ծառն աճում է։ Ծատրյանը, որի այգում եւս 15 տարի է, ինչ բանանի ծառ է աճում, ասում է՝ ջերմային ֆոնով հարմար է Մեղրին, բայց խոնավությունն է քիչ։ Ինչու՞ է շարունակում մշակել, ասում է, թե «մարդկային ցանկություն է, ուզում եմ, որ չարչարանքս մի բանի հասցնի...»։
«Երիտասարդությունն էլ է լավ կպել հողի մշակմանը»
Մեղրիում գյուղտնտեսությամբ արդեն բիզնեսի մակարդակով զբաղվող մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում այստեղի բերքը ճանաչելի դարձնելու նաև հանրապետությունից դուրս։
Նրանցից մեկը Իշխան Ասլանյանն է։

Մեղրիում գրեթե բոլորը ճանաչում են Ասլանյանին։
Զբաղվում է պտղաբուծությամբ, ինչպես նաեւ թարմ
մրգի մթերմամբ, փաթեթավորմամբ ու
արտահանմամբ, չրարտադրությամբ։



Չորամրգերն արտահանում են Ռուսասատանի Դաշնություն, վերջին 1-2 տարում, մինչ քովիդային շրջանը, նաեւ ԱՄԷ, ԱՄՆ։ Անցած տարի, քովիդով ու պատերազմով պայմանավորված, այդ երկրներ չարտահանեցին։ Այս տարի պլանավորում են վերսկսել։
Ասում է՝ ուսանողության տարիներից է սիրահարվել հողին՝ փոքր հողամասի վրա որոշ աշխատանքներ կատարելով։ Ամեն ծառի կողքով անցնելուց նայում է, զգում տրամադրությունը, վիճակը, ինչի կարիք ունի, ինչ պետք է ավելացնել, ինչ բուժում անել։ Իր խոսքով, յուրաքանչյուր ծառի վերաբերվում է որպես իր զավակի, թոռան։ Մեկ-մեկ ընկերներով խոսելուց ասում է՝ 300 տղա ունի, մի պահ չեն հասկանում, հետո գլխի են ընկնում, որ այգու ծառերի մասին է։


Իշխան Ասլանյանը պտղաբուծությամբ զբաղվում է արդեն 11 տարի է։ Ասում է, հիմնականում մշակում է արքայանարինջ, թուզ եւ ծիրան։

Ունեցել է փոքր այգիներ, այժմ մշակության տարածքը հասցրել է 1 հա-ի։
«Մեղրին շատ դրական կողմեր ունի գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, տաք օրերը շատ են, տարվա միջին ջերմաստիճանը բավարար է, որպեսզի բարձր պտղաշաքար՝ ֆրուկտոզա սինթեզվի, որից միրգը քաղցր ու համեղ է դառնում։ Ուղղակի հողային ռեսուրսները քիչ են... Ուրախալի է, որ երիտասարդությունն էլ լավ է կպել հողի մշակմանը»։
Իշխան Ասլանյան
Ֆերմեր

Եթե հանրապետության այլ վայրերում մրգի միջին գինը 1 կիլոգրամի համար 150-200 դրամ է, ապա Մեղրիում այն սկսում է 400-500 դրամից։ Այս տարի թզի մթերման գինը 1400 դրամ է 1 կգի համար։ Ասլանյանի խոսքով, Մեղրիում «գյուղատնտեսությունը բարձրարժեք է»։ Ո՛չ թարմ մրգի, ո՛չ էլ չրերի իրացման խնդիր չեն ունենում։ Նախկինում երբեմն դժվարություններ էին առաջանում։ Բայց այս տարի նույնիսկ մրգի հումքի խնդիր ունեն։

«Ամենադժվարը հողը քարից մաքրելն է»
Հայաստանում առաջին պիստակի(фисташка) բերքը ստացել է Խաչատուր Գեւորգյանը՝ Մեղրիում։ Դրանից հետո պիստակի մշակությամբ սկսել են զբաղվել նաև այլ բնակավայրերում։

Գեւորգյանը 2015 թվականից է Մեղրիում զբաղվում է պիստակի մշակությամբ ու արտադրությամբ։ Շուրջ 5 հա տարածք է մշակում։
Սկզբից պատվաստել են վայրի տեսակի վրա, որն ինքն իրեն աճում է Մեղրիում։ Հիմնական աշխատանքները սկսելուց առաջ Իրանից մասնագետներ են հրավիրել, ովքեր ուսումնասիրելուց հետո հավանություն են տվել տեղում պիստակ աճեցնելուն։



Իրացումը կատարվում է Հայաստանում։

Խաչատուր Գեւորգյանի խոսքով, ամենադժվարը եղել է հողը քարից մաքրելը։
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Գեւորգ Մարգարյանն ասում է, որ, այո, ջրի եւ հողի խնդիրը լուրջ է ենթամարզում։ Մեղրու շրջանում շուրջ 100 հա տարածք կա, որտեղ կարելի է մշակել, ասենք, ձիթենի կամ ունաբ, բայց առայժմ հողը դատարկ է։

Փորձագետին նաեւ անհանգստացնում է դեղձի ու ծիրանի աստիճանաբար վերացումը Մեղրիում։ Ավանդական տեսակների մի շարք մրգեր եւս վերանում են, ինչպես, խաղողի, տանձի, խնձորի։

Արարատ Թումանյան
Մեղրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Մեղրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Թումանյանի խոսքով արդեն երկու ամիս է, սկսվել են ներքին ոռոգման ցանցի շինարարական աշխատանքներ Նռնաձոր, Ալվանք, Շվանիձոր գյուղերում։
Ոռոգումը համայնքում կատարվում է Զվար գետից ինքնահոս համակարգի միջոցով։ Սկսվել է Արաքսից մեխանիկական եղանակով՝ պոմպերով, ոռոգման ջրի օգտագործման աշխատանքները, որի նպատակով կառավարության կողմից տրամադրվել է 11 մլն դրամ։ Աշխատանքներն ավարտին հասցնելու համար այդ գումարը բավարար չէ, սակայն մեկնարկն արդեն տրված է։
Ըստ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, առաջիկայում նախատեսվում է ջրամբար կառուցել, որը որոշ չափով կթեթևացնի մեղրեցների հոգսը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website