Մշակութային խմորումներ
-Եթե ես հաց չեմ թխում, չի նշանակում, թե չգիտեմ՝ հացի ո՞րն է լավ, որը`ոչ։ Նույնն էլ արվեստում է, կարող ես լինել նկարիչ, բայց արվեստագետ չլինել, կարող ես լինել արվեստագետ, նկարիչ չլինել: Երկրորդն ավելի կարևոր է։ Նկարչություն շատերը կսովորեն, արվեստ՝ հազվագյուտ մարդիկ։





Մեր հասարակությունը արվեստը չի համարում լուրջ գործ, համարում է ավելորդ փող ծախսելու տեղ։ Հազվագյուտ դեպքերում են մեր համաքաղաքացիները Գորիսի նկարիչներից նկար գնում, տանում իրենց պատից կախում։ Շատ դեպքերում նույնիսկ ձեռ են առնում, թե՝ գնա լուրջ գործով զբաղվի, մի տեղ ռեմոնտ արա, կամ մի խանութի պատեր ներկիր։ Երբ տուն ես գնում, կամ վերանորոգում, ցանկալի է՝ նկարներ կախես, որպեսզի երեխան այդ միջավայրում դաստիարակվի, հասկանա ինչ է նկարը, հասկանա, որ դա թանկ է։ Երբ երեխային ուղարկում են նկարչական, երաժշտական դպրոց, կամ մեկ այլ խմբակ, չի նշանակում, որ նա անպայման պետք է կոմպոզիտոր, կամ նկարիչ դառնա։ Դա ուղղակի երեխայի դաստիարակության մի ձև է։ Իսկ էսօր երեխան ի՞նչ է լսում՝ ռաբիզ ու իր դաստիարակության ձևը դա է։ Կարևոր է, որ դպրոցներում արվեստի դասերին մեծ ուշադրություն դարձնեն, հաճախակի այցեր կազմակերպեն դեպի մշակութային օջախներ։ Իսկ դա կազմակերպելուց առաջ էլ անհրաժեշտ է, որ պատկերասրահը լեփ-լեցուն լինի Գորիսի նկարիչների գործերով: Իսկ Գորիսում քիչ չեն ստեղծագործողները։ Թող վատը լինեն, բայց նրանք Գորիսինն են։
-Մի անգամ, փոքրիկ տղա մտավ արվեստանոց, կլիներ մոտ 12 տարեկան: Մտավ, թե՝ կարելի ա՞ նկարները նայեմ, ասացի՝ խնդրեմ։ Նայեց, վերջացրեց, հարցրեցի՝ ո՞ր նկարը դուրդ եկավ: Մի հատը ցույց տվեց, ասաց՝ սա։ Ասացի՝ բա ինչի՞, ասաց՝ ես էս նկարի մեջ ինձ ազատ եմ զգում։ Ու դա ասաց 10-12 տարեկան տղան։ Իսկ ես, երբ արվեստի դպրոց անցած իբր թե մասնագետների հետ խոսում եմ, զգում եմ, որ նրանք ոչինչ չեն կարող տալ արվեստին։

Սկսնակ կամ երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու, ոգևորելու համար, լավ կլինի, որ արվեստով հետաքրքրվող մարդիկ կամ համայնքապետարանը, կազմակերպությունները չսահամանփակվեն միայն շնորհակալագիր տալով ու 2-3 օր տևող ցուցահանդեսով, որին մեծամասամբ ներսի աշխատողներն են ներկա լինում:

Յաշա Խաչյան, նկարիչ, ճարտարապետ
Նորմալ հասարակության մեջ ստեղծագործելով կարող ես նաև ընտանիք պահել, ապրուստի միջոց հայթայթել, բայց մեր հասարակության մեջ՝ ոչ։
Դրա փոխարեն կարելի է մի փոքրիկ պայուսակ տալ, մեջը 4 հատ վրձին, 5 հատ ներկ, մի տուփ թուղթ։ Դա ավելի մեծ պարգև է:

»
-Ես ամաչում եմ, որ ինձ նկարիչ են ասում: Նկարիչը շատ բարձր կատեգորիա է ինձ համար։ Իրականում դա շատ բարդ մասնագիտություն է և ես ամեն ինչ անում եմ, որ կարողանամ որպես ստեղծագործող ինձ արդարացնել, իմ ձևը, իմ գույնը, իմ մոտիվը բերել նկարչության մեջ։
Մարզում բնակվելը ստեղծագործելու համար խոչընդոտ չէ: Կան դեպքեր, երբ բնությանն ավելի մոտ լինելն օգնում է:






Բազմակարծությունը շատ կարևոր է արվեստի զարգացման գործում, և ընդհանապես, արվեստը շփումների ծնունդ է ու այդ առումով երևանյան քննարկումների հարթակը չեմ համեմատի Գորիսինի հետ։ Կուզեի, որ ավելի մեծ ցուցասրահներ լինեին, մարզի կտրվածքով նաև սիմպոզիումներ կազմակերպվեին, մանավանդ, որ Գորիսն էլ շատ հետաքրքիր վայր է ստեղծագործելու համար։ Սիմպոզիումները հնարավորություն են ընձեռում միջմշակութային կապերի ամրապնդման, դրսի ու տեղացի նկարիչների համագործակցության համար: Նկարչի համար մոտիվացիա կարող են լինել ինչպես գովեստի խոսքերն ու սոցիալական ապահովվածությունն, այնպես էլ առողջ քննադատությունը։ Դրական միտումներ կլինեն, եթե բոլոր արվեստագետներն արվեստանոց ունենան, նաև մարզերում մշակույթի տներ, դպրոցներ լինեն, ինչը նույնպես կնպաստի մշակույթի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը։



Սակայն Երևանում ստեղծագործական խմորումներն ավելի շատ են, այնտեղ միջավայր կա, պատկերասրահներ կան, որտեղ հաճախակի կազմակերպվում են ցուցադրություններ, քննարկումներ։
Հ․Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի ստորաբաժանմունքում, օրինակ, 5 տարի առաջ մեկ աշակերտ էր սովորում, այսօր՝ արդեն 180-ից ավելի։
Արամ Մաշուրյան, նկարիչ, Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիս ստորաբաժանման ղեկավար

»
-Սյունիքի մարզում ունենք 100-ից ավելի ստեղծագործողներ: Նրանցից 10-12-ը միանշանակ արժանի են Գրողների միության անդամ լինելու։ Թեև անդամակցությունը հարաբերական է, կարող ես անդամ չլինել, բայց լավ ստեղծագործել։





Գրողների միությունը կոչված է հայտնաբերել ու ընդառաջել նոր ստեղծագործող երիտասարդներին։ Թեկուզ քաջալերելով, կամ այլ ստեղծագործողների հետ հանդիպումներ նախաձեռնելով։ Գուցե նաև ալմանախների տպագրության հարցում աջակցելով։
Նոր ստեղծագործողներին բացահայտելու համար այցեր եմ կազմակերպել դպրոցներ, համալսարան։
Հայտարարություն եմ տարածել սոցիալական ցանցերով՝ ամբողջ մարզում: Գրողների միությունը 1932թ.-ից շաբաթական մեկ անգամ լույս է ընծայում Գրական թերթ պարբերականը։ Այստեղ երիտասարդ ստեղծագործողները կարող են տպագրել իրենց գործերը։ Արժանի ստեղծագործողներին իմ առաջաբանով ներկայացնում եմ: Աննկատ մնում են հիմնականում նորեկները՝ սկզբնական շրջանում, և թուղթ մրոտողները, որոնք ավելի շատ են աղմկում։
Այսօր տպագրված գրքերի 80 տոկոսից ավելին գրական արժեք չեն ներկայացնում, դրա համար ստվերում են նաև մյուս ստեղծագործությունները։ Լավ գրքերը դրանց ֆոնին կորչում են։ Հայաստան աշխարհը գրողների աշխարհ է, մշակութային գործիչների աշխարհ է։ Կատակով նույնիսկ ասում են հինգից՝ վեցն արվեստագետ են, գրող են:



-Մշակույթի նկատմամբ անտարբերություն կա, թեև դա հասկանալի է, որովհետև մարդը առաջնահերթ մտածում է գոյապահպանման մասին։ Եվ սա խորը ազդեցություն է թողնում հանրության վրա: Բացի այդ, հոռետեսական մտքերի, զբաղվածության և ամենօրյա հոգսերի պատճառով շատերը գրականությունն ու մշակույթը համարում են երկրորդային բան, այն դեպքում, երբ մշակույթը երկիրն առաջ տանող, զարգացնող սյուներից է։
Ուրիշ ազգերը, որ քիչ ունեն` մեկ երկուսը, կուռք են սարքում, պաշտում են։ Իսկ մենք էնքան շատ ունենք, որ սովորական է դարձել։
Լևոն Սահակյան, Գրողների միության Գորիսի ստորաբաժանման նախագահ
Գրողների միության անդամ լինելը անհրաժեշտ ձևականություն է։

»
Մարզային մշակութային օջախները կարծես սահմանապահներ լինեն։ Կարևոր է, որ երիտասարդները չթողնեն, չլքեն, չգնան մայրաքաղաք, կենտրոնացումը այնտեղ չլինի։ Մշակութային կյանքը բարելավելու հոգատարությունն ու ռազմավարությունը մարզերի դեպքում առավել կարևոր է։


-Թատրոնների, մշակութային օջախների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է 90-ականներից։
Շատ վատ տարիներ էին, անկախության շրջանն էր, դժվարությունները շատ էին, մարդիկ ավելի շատ առօրյա խնդիրներով էին զբաղված, սկսեցին քիչ հաճախել թատրոն, հետաքրքրությունը նվազեց։ Բոլոր թատրոններն ունեին այդ խնդիրները։







Թատրոնները չպետք է կոմերցիոն խաղերի մեջ մտնեն, այլ՝ զբաղվեն մշակութային գործունեությամբ։
Տոմսեր վաճառելու, գումար վաստակելու հետևից ընկնելով, նախատեսված պլանը կատարելով, երբեմն մոռանում ես գեղարվեստական որակի և այն ամենի մասին, ինչին պիտի ծառայի թատրոնը։ Կարծում եմ, պետք է շարունակել հատկապես մարզային թատրոններին պետական դոտացիաների տրամադրումը, որովհետև առանց դրա, սեփական շահույթով գոյատևել հնարավոր չէ։ Գուցե մեծ, շատ բնակչություն ունեցող քաղաքներում կարող են գոյատևել, որովհետև մշտական հանդիսատես ունեն: Մեզ մոտ առանց դոտացիայի հնարավոր չէ դա կազմակերպել։
Շանթ Հովհաննիսյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն
Այժմ էլ այդ խնդիրն առկա է: էժանագին արվեստի գործերը, սերիալները մարդկանց ճաշակը ձևավորեցին ավելի ցածր նշաձողի վրա։
Ճշմարիտ արվեստը տեղի է տվել, ժամանակ է պետք, որ այն նորից վերականգնենք։
Գլխավոր լուսանկարը՝ Յաշա Խաչյանի ֆեյսբուքյան էջից
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website