Մշակութային կյանքը փլատակներում
Տեղ համայնքի բոլոր 7 բնակավայրերում կան մշակույթի տներ, բայց միայն երկուսն ունեն ակումբավարներ: 2016 թվականի համայնքների խոշորացումից հետո յոթ գյուղերում կրճատվել է 32 հաստիք, այդ թվում՝ մշակույթի տան աշխատողներինը։
Ակումբավար ունենալ դեռևս չի նշանակում ակտիվ մշակութային կյանք ունենալ: Շատ համայնքներում ակումբավարները պահակի դեր ունեն, բացում-փակում են գրեթե անկենդան մշակույթի տան դռները: Թերևս դա է պատճառը, որ խոշորացումից հետո այդ հաստիքները կրճատվեցին: Գյուղերում երբեմն նույնիսկ տարին մեկ անգամ մշակութային միջոցառում տեղի չի ունենում: Մշակույթի տները լքված են, քանդված, ավերված: Ե՛վ գործողները, և՛ չգործողները:
Տեղ համայնքի 2016-2021թթ զարգացման ծրագրի համաձայն, նախատեսվում է բոլոր բնակավայրերում ունենալ առնվազն բավարար պայմաններ ունեցող և ջեռուցվող մշակույթի տներ:
Քարաշեն, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր բնակավայրերի մշակույթի տների նորոգման աշխատանքների համար նախատեսվում է դրամական միջոցների հայթայթել: Իսկ մշակութային միջոցառումների թիվը համայնքում ավելացնելու համար կլինեն պայմանավորվածություններ դպրոցական, նախադպրոցական և արտադպրոցական կրթական հաստատությունների հետ։
Տեղ
Խոզնավար
Վաղատուր
Խնածախ
Արավուս
Կոռնիձոր
Քարաշեն
գործող մշակույթի տներ ունեցող գյուղեր
չգործող մշակույթի տներ ունեցող գյուղեր
Քարաշեն
Քարաշենի մշակույթի տունն ունի 48 տարվա պատմություն: Այդ ընթացքում նորոգվել է երկու անգամ՝ 1984 և 1992 թթ.-երին։
Քարաշենի մշակույթի տունը ակումբավար չունի: Տեղի մի խումբ ակտիվ երիտասարդներ որոշել են կենդանի պահել իրենց մշակույթի տունը: Շենքի վերնահարկում անձրևի ու ձյան տակ մնացած գրքերը չորացրել են ու նորոգել: Ստեղծել են փոքրիկ գրադարան: Համայնքապետարանի տրամադրած շինարարական նյութերով երիտասարդները սեփական ուժերով վերանորոգել են այն։
Կամավորական սկզբունքով շենքում գործում է նաև ցերեկային խնամքի կենտրոն՝ մանկահասակ երեխաների համար։
Խնածախ
Խնածախ գյուղի մշակույթի տունը կառուցվել է 1958թ-ին։
1990-ականների հրետակոծության տարիներին, մշակույթի տան պատուհանները կոտրվել են։ Մինչև այժմ դրանք ծածկված են պոլիէթիլենային տոպրակներով։
Ամբողջ 2019 թվականի ընթացքում այստեղ միայն մեկ ներկայացում է եկել: Գորիսի դրամատիկական թատրոնի թատերախումբն է եղել:
Վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանի խոսքով, բնակիչների հետաքրքրությունը կախված է նրանց գրպանից և միջոցառման տոմսերի գնից։

Մեկ այլ գյուղի՝ Խոզնավարի մշակույթի տունն էլ կառուցվել է 1940-ական թթ-երին։ Գյուղում մշակութային միջոցառումներ չեն լինում։ Շենքում առանձնացված մի սենյակ ծառայում է իբրև խաղատեղի։
Վաղատուր
Վաղատուրի մշակութային կյանքը կանգ է առել խորհրդային կարգերի փլուզման հետ։ Շենքը կառուցվել է 1960թ.-ին և երկար տարիներ ակտիվ գործել: 2012թ.-ին մասնակի կոսմետիկ հարդարման աշխատանքներ են կատարվել:
Վաղատուրցիները չեն հիշում, թե վերջին անգամ ե՞րբ է այստեղ միջոցառում տեղի ունեցել: Մշակույթի տան աշխատակցի հաստիքը կրճատվել է 2016թ-ին, համայնքի խոշորացումից հետո: Այժմ մշակույթի տան դռան կողպեքը բացվում է ընտրությունից-ընտրություն, երբ տունը կահավորվում է իբրև ընտրատեղամաս: Ժամանակ առաջ, այստեղ մեկ-մեկ երիտասարդներ էին գալիս, իրենց ժամանցը կազմակերպում: Հիմա այլևս չեն մտնում:
Արավուս
Արավուսի մշակույթի տունը Արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծվել է և այլևս չի նորոգվել։
Արավուսում վերջին անգամ մոտ 4 տարի առաջ Ամանորին է միջոցառում կազմակերպվել: Գյուղացիների նախաձեռնությամբ «փրկվել» է մշակույթի տանը գտնվող գրադարանի գրքերի մի մասը, որն այսօր գտնվում է դպրոցի ազատ սենյակներից մեկում, սակայն ընդգրկված չէ դպրոցի գրադարանային ֆոնդի ցանկում։
Կոռնիձոր
Կոռնիձորի մշակույթի տան հին շենքը փլվել է ռմբակոծության հետևանքով։ 2010-ին նոր շենք է կառուցվել:
Նոր շենքում այժմ տեղակայված են Տեղ համայնքի վարչական ներկայացուցչությունը, Հայփոստի գրասենյակն ու անասնաբուժական կետը։
Ստացվում է, որ ի սկզբանե մշակութային կյանքի կազմակերպման ու ապահովման համար կառուցված շենքը բոլորովին այլ նպատակի է ծառայում: Մշակույթի տան գրադարանի գրքերի մի մասը տեղափոխվել է դպրոց, իսկ մյուս մասը՝ խորհրդային գրականությունը, տեղավորված է շենքի սենյակներից մեկում։ Հետաքրքիր է, որ գյուղում մշակութային կյանք չկա, բայց ակումբավար կա: Վարչական ղեկավար Արա Պետրոսյանն ասում է՝ ակումբավարը հետևում է շենքի պահպանությանը, հանդիպումների, երբեմն էլ միջոցառումների ժամանակ բացում-փակում է դռները։
Տեղ
Տեղի մշակույթի տունը շահագործման է հանձնվել 1975թ.-ին։ Վերջին անգամ նորոգվել է 2008թ-ին։
Շենքում կա թանգարան, Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված սրահ, գրադարան, գորգագործության արհեստանոց, կարի արտադրամաս, դահլիճ, շախմատի սենյակ։ Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը սեփական նախաձեռնությամբ երբեմն հյուր է գնում գյուղեր, այդ թվում Խնածախ, Տեղ, Քարաշեն: Դերասան Միքայել Մաշուրյանն ասում է, թե հիանում է գյուղերի հանդիսատեսով, նրանք մեծ ուշադրությամբ են հետևում ներկայացմանը, բնակավայրերում մեծ է հետաքրքրությունը մշակութային միջոցառումների նկատմամբ: Հետաքրքիրն այն է, որ իրենց այցերը գյուղեր կազմակերպում է համայնքի սոցաշխատող Անժելա Գրիգորյանը, քանի որ մշակութային տները ակումբավարներ չունեն:
Տարածաշրջանում համեմատաբար բարվոք է Գորիս համայնքի վիճակը: Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանի խոսքով, իրենք 50 աշխատող ունեն՝ երաժիշտներ, երգիչներ, գրադարանավարներ, ակումբավարներ, որոնք հաճախ են Գորիս համայնքի գյուղեր գնում և պատրաստ են համագործակցել նաև մյուս համայնքների հետ: Գյուղերում մշակութային կյանքը աշխուժացնելու համար, ըստ Խաչատրյանի, անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքներն ու ավելացնել նվիրումը:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
Հեղինակ՝ Բելլա Պետրոսյան

Լուսանկարները՝ Միլենա Առուստամյան, Սոնա Արզումանյան, Նանե Հարությունյան

Գորիսի մամուլի ակումբ ՀԿ

Mediapoint.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website