Ուղղությունը դեպի թանգարաններ
Երևանի Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող` Ակսել Բակունցի տուն-թանգարանը վերջին տարիներին ավելացրել է այցելուների թիվը․ 2019-ին այն հասել է 5490-ի։
Բակունցի տուն-թանգարանը գործում է 1970թ-ից։ 2011-ից թանգարանում սկսել են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ, 2013-ից գործում է ամբողջ ծավալով։ Նորոգված է թանգարանի ինչպես հուշային մասը՝ տունը, այնպես էլ գրասենյակայինը։ Ջեռուցման և անվտանգության համակարգերը անխափան գործում են։
Թանգարանն ունի 4 աշխատակից՝ մասնաճյուղի վարիչ, գիտաշխատող,
էքսկուրսավար, ֆոնդապահ։
2011թ-ից Բակունցի տուն-թանգարանի վարիչը Վարդան Սարգսյանն է։
Նրա խոսքով թանգարանի ամենագրավիչ կողմերից մեկը այգին է, որտեղ վերջին տարիներին կատարվել են բարեկարգման զգալի աշխատանքներ:
«Թանգարանը հետաքրքիր վայր է դարձել դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար, հատկապես ամռանը»,-ասում է վարիչը:
Վարդան Սարգսյան

Ավելի քան երկու հազար դպրոցականներ՝ Հայաստանի տարբեր վայրերից, նաև՝ Արցախից և Ջավախքից, աբոնեմենտային ծրագրով են այցելել։ Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքն անվճար է։ Իսկ մյուս օրերին 500 դրամ է, սովորողների համար՝ 300 դրամ։

Բակունցի պատմվածքի «հերոսներից» միրհավը, նույնպես այգու բնակիչներից է։
«Վերջին տարիներին, զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց, հատկապես Տաթևի ճոպանուղու և Խնձորեսկի Ճոճվող կամրջի բացումից հետո, զբոսաշրջիկների թիվը դեպի Գորիս ավելացել է: Շատերը հետաքրքրվում են նաև թանգարաններով։ Այն օրերին, երբ եղանակային պայմաններն անբարենպաստ են, և զբոսաշրջիկները չեն կարողանում այցելել Տաթև կամ Խնձորեսկ, հոսքը թանգարան ավելի շատ է լինում:
Շատերին առավելապես հետաքրքրում է ազգային կոլորիտը, քանի որ տունը պահպանել է իր նախնական տեսքը։ Գեղեցիկ նմուշ է. ինտերիերով, էքստերիերով գրավում է քաղաք ժամանած հյուրերին»,-նշում է Վ․ Սարգսյանը։
Բակունցը Գորիսի ամենաերևելի գործիչն էր: Տեղացիները մեծ ակնածանքով ու ոգևորությամբ են մասնակցում «Բակունցյան օրեր»-ի միջոցառումներին: Բակունցի ծննդյանը օրը՝ հունիսի 13-ին, քաղաքային իշխանություններն ամեն տարի մեծ տոնախմբություն են կազմակերպում։
Գորիսի՝ համայնքային ենթակայության տակ գտնվող և Սյունիքի մարզում առաջինը հիմնադրված երկրագիտական թանգարանը ստեղծվել է 1948թ-ին։ Հրետակոծության տարիներին թանգարանի շատ նմուշներ կոնսերվացվել են, տեղափոխվել եկեղեցի։ 2000-ականներին նմուշները տեղափոխվել են ներկայիս տարածք, որը Գորիսի մշակույթի տանն է պատկանում:
Թանգարանն այս պահին երեք աշխատող ունի՝ ֆոնդապահ, գիտաշխատող և էքսկուրսավար-հսկիչ։
Իբրև գիտաշխատող, Երկրագիտական թանգարանում համատեղությամբ աշխատում է նաև Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը։
Գորիսի Երկրագիտական թանգարանն իր տեսքը ստացել է բացառապես աշխատողների շնորհիվ: Ոչ մի մասնագետ կամ մշակույթի ոլորտի ներկայացուցիչ չի մասնակցել այդ աշխատանքներին։
Այժմ ծրագիր է մշակվում ներկայիս տարածքը ընդլայնելու համար։ Թանգարանն ունի 5000 միավոր ցուցանմուշ: Դրանք ամբողջությամբ հնարավոր չէ ցուցադրել, տարածքը փոքր է:
Վ․ Սարգսյանի խոսքով, տարիների ընթացքում ցուցանմուշների թիվն ավելացել է՝ նվիրատվությունների և աշխատակիցների շնորհիվ:
Թանգարանը ներկայացված միայն հայերենով: Էքսկուրսավարների օտար լեզուների իմացությունը խնդիր է, որն առկա է շատ թանգարաններում։ Քանի որ այստեղ աշխատավարձերը ցածր են, օտար լեզուների տիրապետող անձինք չեն ցանկանում աշխատել այստեղ։
Սերո Խանզադյանի տուն-թանգարանը գործում է 2008 թ.-ից: Հիմնանորոգվել է 2015-2016 թթ. ընթացքում, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018 թ.-ին: Թանգարանի այցելուների համար մուտքն անվճար է, առանց տարիքային սահմանափակման: Տուն-թանգարանը պատկանում է համայնքին և ֆինանսական խնդիրները հոգում է համայնքապետարանը: Այժմ թանգարանում աշխատում է միայն վարիչը, սակայն ունեն էքսկուրսավարի կարիք:
Մարթա Զաքարյանը Խանզադյանի տուն-թանգարանում աշխատում է 2019 թվականից։ Սկզբում թանգարանի ցուցանմուշները քիչ են եղել։ Տարիների ընթացքում նվիրատվությունների, նաև՝ աշխատողների սեփական միջոցներով ձեռք են բերվել գրողի անձնական իրերն ու ձեռագրերը: Թանգարանում ներկայացված է նաև Խանզադյանին վերաբերող արխիվային մամուլը: Նախորդ տարիներին ունեցել են այցելուներին տեղեկացնելու, գոհացնելու խնդիր, որը փորձել են լուծել սոցիալական ցանցերի, ինչպես նաև դպրոցների, կազմակերպությունների հետ համագործակցության օգնությամբ:

Մարթա Զաքարյան
«Թանգարանները մինչև հիմա գործում են խորհրդային ստանդարտներով։ Նրանք պետք է իրապես դառնան ստեղծագործական, ուսումնական, մշակութային կենտրոններ, ուր մարդիկ պետք է գան՝ ոչ միայն տեսնելու և առնչվելու անցյալի հետ, այլ նաև վայելելու միջավայրը: Սա շատ դանդաղ է տեղի ունենում, բայց դրան այլընտրանք չկա։ Պետք է կարողանանք համադրել բիզնեսն ու մշակույթը, իսկ դա լուրջ հարց է, մեր կաղապարները խանգարում են»,- ասում է Վ․ Սարգսյանը։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website