Տրեխագործությունից մինչև
տեղական գինի․․․

արարելով գյուղում

Տաթև գյուղ այցելելուց առաջին ու հիմնական բանը, որը գալիս է մտքներիս, վանական համալիրն է, վերջին տարիներին` նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևեր»-ը։

Բայց բավական է շրջենք գյուղով, զրույցի բռնվենք, կբացահայտենք կարծրատիպեր կոտրող, տեղում արարող մարդկանց մասին։

-Բարև ձեզ, ես Արմենն եմ, -հանդարտ ձայնով ներկայանալով, դիմավորեց ու ուղեկցեց դեպի գեղատեսիլ Տաթևի իր գողտրիկ անկյուն։
Արմենը՝ Արմեն Հակոբյանն, արդեն 7-8 տարի է, ինչ զբաղվում է տրեխագործությամբ։
Մինչև 50-60-ական թվականները, ինչպես այլ գյուղերում, Տաթևում ևս, շատերը տրեխ գործում էին իրենց համար։ Ժամանակի ընթացքում կոշիկի մուտքը հետին պլանում թողեց տրեխին, մարդիկ էլ մոռացան այն կարելու հմտությունը, տրեխագործությունը պատմություն դարձավ։ Այն մնաց մարդկանց հիշողություններում։ Օրերից մի օր, սակայն, Արմենը սկսեց «վերականգնել» հոր արհեստը, ով տրեխագործությամբ էր զբաղվում, և այս զբաղմունքը նրա համար նաև մեր պատմության մի մանրագծիկ ներկայացնելու միջոց է, և ասում է, որ ժամանակակից կոշիկին, հողաթափին ոչնչով չնմանվող տրեխի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջիկները։
-Ես ընդունում եմ էն միտքը, որ մարդ մի գործ անելու ցանկություն ունենալու դեպքում հնարներա փնտրում, երբ չի ցանկանում՝ պատճառներ։
Ու էսպես սոցիալական ցանցերում հանդիպելով «Իմ Հայաստան» ծրագրի մասին, որոշեց ներգրավվել նախագծում, օգտվել հնարավորությունից։ Հաջողեց ծրագրում․ այսօր մշակված լոգո արդեն ունի, դրոշմ, ճանաչողական նյութեր։
Ասում է հնուց եկած, հոր սովորեցրած ձևով է պատրաստում, միայն չմշակված կաշին փոխարինել է մշակվածով, որը չկրելու դեպքում էլ չի չորանա։
-Էս ձևով այն կարելի է և՛ որպես հուշանվեր օգտագործել՝ պատից կախել, և՛ նույն պահին հանել ու հագնել՝ չի չորանա։
Թեև տրեխագործությունը Արմենի համար եկամտի հիմնական աղբյուր չի հանդիսանում, բայց այն փոքր օղակներից է, որով Արմենը ամրացած է գյուղում։
Տարեկան մոտ 15 տրեխի պատվեր ունենում է, հիմնականում արտերկրից։
Նա նաև փոքր հյուրատուն էլ ունի։ Զբոսաշրջիկներին կրկին Տաթև բերելու, տրեխագործության մասին պատմելու համար հետաքրքիր բան էր մտածել․ այն հյուրերը, ովքեր հյուրատանը մեկ օրից ավելի են մնում, տրեխ՝ հուշանվեր են ստանում։ Հաջորդ անգամ նույն տրեխով գալու դեպքում զեղչ է կիրառում կամ այլ անակնկալ պատրաստում։
-Զբոսաշրջիկին Տաթև հասցնելու և գյուղում մեկ օր ավել մնալուն ուղղված խրախուսող քայլերի կարիք ունենք, որովհետև բոլորին միայն Տաթևի վանական համալիրն է գրավում, մինչդեռ զբոսաշրջիկի համար այլ հետաքրքրությունների մասին էլ պիտի մտածենք, ասում է նա։ Այդ միջոցներից մեկն էլ, նրա համար այն է, որ երբեմն զբոսաշրջիկներին առաջարկում է տրեխ գործել սովորել։
Տաթևացի երիտասարդը, ով խաղողագործների և գինեգործների հիմնադրամի շահառու է, նաև գինեգործությամբ է զբաղվում։
-Տպավորություն է, որ Սյունիքում խաղողագործությունն ու գինեգործությունը զարգացած չեն։ Ցանկանում եմ էդ կարծրատիպն էլ կոտրել, և երկրորդ տարին է, ինչ զբոսաշրջիկները Տաթև գալու և տեղական գինին համտեսելու հնարավորություն ունեն։
Սկսել է փոքր ծավալով, տնային պայմաններում։ Հետո դիմել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից մեկին։ Սյունիքի մարզից միակ դիմորդն էր։ Այս անգամ էլ հաջողություն ունեցավ և այժմ սեփական տան մի հատվածում գինու պատրաստման, համտեսի անկյուն ունի։
-Նպատակ ունեմ մեր տարածքում գինու համար պիտանի խաղողի տեսակներ աճեցնել՝ հիմա խաղողը բերում եմ Վայոց ձորի մարզից։ Մի խոսքով մեր բերքով՝ խաղողով, գինով դուրս գանք շուկա։
-Շատերին թվում է, թե կյանքը լավա գյուղից դուրս՝ քաղաքում։
Կարծում եմ պետք է ամեն ինչ անել գյուղում մնալու, այն շենացնելու համար։

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Գորիսի մամուլի ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website