Ծնեբեկը բիզնես դարձնելու ճանապարհը
«Գյուղատնտեսությանը չպետք է վերաբերվել լոկ որպես զբաղմունք, այլ պետք է դիտարկել որպես բիզնես ու շահույթ ստանալ։ Դրանից հետո այն կդառնա կենսակերպ»,- ասում է Սամվել Դավթյանը։



Սամվել Դավթյանն է, 58 տարեկան, գյուղատնտես։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո, մինչև հիմա, զբաղվում է գյուղատնտեսությամբ։


Սյունիքի մարզի Տեղ գյուղում 2010-ից զբաղվում է էկոլոգիապես մաքուր ծնեբեկի մշակությամբ։


Իր խոսքով, զբաղվում է նրանով,

ինչը բիզնես կարող է դառնալ։


Ծնեբեկը Հայաստանում քիչ տարածված, սակայն բարձրարժեք մշակաբույս է։ Մշակության սկզբնական փուլում պահանջարկը քիչ էր։ Սամվել Դավթյանն ասում է՝ պայմանավորված էր մշակաբույսի օգտակարության մասին հանրության քիչ տեղեկացվածությամբ։

Մշակությունը սկսել է փոքր՝ 1000 մետր տարածքում, որից ստացած բերքը հնարավոր էր իրացնել տեղական շուկայում։ Սկզբնական շրջանում աշխատանք էին իրականացնում նաև մարդկանց մշակաբույսի նշանակությանն ու սննդարարությանը ծանոթացնելու ուղղությամբ։ Այսպիսով, խթանեցին տեղական շուկայի ընդլայնում։

Սյունիքի մարզի բնակլիմայական պայմանները նպաստավոր են ծնեբեկ աճեցնելու համար։ Ո՛չ շատ բարձրադիր, ո՛չ էլ շատ ցածրադիր գոտի պետք է լինի։ Ջերմաստիճանը ևս չպետք է բարձր լինի։ Գյուղատնտեսի խոսքով, այո՛, դժվար մշակելի բույս է, ծախսատար, բայց նաև՝ եկամտաբեր։ Տեղ գյուղի պայմաններում ապրիլի կեսերից մինչև հունիս կեսերն է տևում բերքահավաքը՝ ամենօրյա ռեժիմով։

Այսուհանդերձ, ծնեբեկի իրացման համար Հայաստանը

«թույլ շուկա» ունի, դրա համար երկրից դուրս շուկա գտան ու մի քանի տարվա

ընթացքում մշակության տարածքը ընդլայնեցին։

«Մենք սովորություն ունենք, ներդրում ենք անում ու միանգամից սպասում, որ շահույթ ունենանք։ Ես էդպես չէի մտածում, գիտեի՝ հատկապես սկզբնական շրջանում մեծ ներդրումներ են պահանջվելու»։
Թթու դրած ծնեբեկը մեծ պահանջարկ ունի։
Սամվել Դավթյանն ունի փաթեթավորման արտադրամաս, որտեղ բերքը շուկայական տեսքի է բերվում։ Հետո այն դրվում է առաջնային պահպանման սառնարանի մեջ։ Տեղափոխումը կատարվում է սառնարանային մեքենաներով։

Սկզբնական շրջանում, երբ ծավալը քիչ էր, փաթեթավորում չէին կատարում։ Հիմնականում տեղում ՝ Գորիսի տարածաշրջանում էին վաճառում, առանց փաթեթավորման։ Արտերկիր արտահանելու համար սկսեցին փաթեթավորել։

Փաթեթավորումը պատշաճ որակի իրականացնելու նպատակով նոր սարքավորումներ են ձեռք բերել, օգտագործում են հատուկ արկղեր՝ ապրանքի որակը պահպանելու համար։

Դրա համար ծախսվող գումարը քիչ չէ, դրա համար ինքնարժեքը, բնականաբար, բարձրանում է։ Բացի դրանից, ունեն սառնարանային տնտեսություն, խորը սառեցման խցիկ, որտեղ մինչև -20 աստիճան սառեցում է կատարվում։ Սա նույնպես ծախս է։



Ժորա Համբարձումյանը 72 տարեկան է, մասնագիտությունը՝ մանկավարժ։ Ծեբեկի մշակությամբ զբաղվում է ավելի երկար ժամանակ՝ ավելի քան
21 տարի։

Սիսիանի Վաղատին բնակավայրում մշակությունը սկսելուց առաջ Գորայքի սարերից մինչև Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը ցանել էր, հասկանալու համար՝ որ մասում է բույսը լավ աճում։ Նշում է, որ բույսը լավագույնս աճել է Շամբից Շաքի ընկած հատվածում։


Այս պահին մշակության տարածքը 3000 մետր է, որից պլանավորում է ստանալ մինչև 2 տոննա ծնեբեկ։ Հաշվել է, 1 հա-ից տարվա ընթացքում ստանում է 6-7 տոննա բերք։

Համբարձումյանը մանրամասն ներկայացնում է իր հաշվարկներն ու մշակության նրբությունները։ Նշում՝ ոչ մի մարդ չի փոշմանի, որ զբաղվի ծնեբեկով։

«Ծնեբեկն ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ։ Բայց առավելություններն ավելի շատ են... Չպետք է վախենալ ծախսելուց»։

Իսկ գյուղատնտես Ժորա Համբարձումյանը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծնեբեկի մշակությամբ զբաղավել, պատրաստ է տրամադրել սերմ ու սածիլ․․․

«Այլընտրանքային մշակաբույսեր» շարքից
հաջորդ պատմությունը կարդացե՛ք հղումով
Անփուշ մոշը հարմար մշակաբույս բիզնեսի համար



This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website