Որոտանը՝ սահմանի

և ճանապարհի եզրագծին

Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո, ծանր իրադրության մեջ են հայտնվել նաև Հայաստանի սահմանամերձ մի շարք բնակավայրեր, հատկապես Սյունիքի մարզում։ Անորոշ է Իրան տանող միջպետական ճանապարհի Գորիս-Կապան մի քանի կիլոմետրանոց հատվածի ճակատագիրը։ Հատվածներից մեկը Որոտան բնակավայրի մոտով է անցնում։ Այս հատվածում էլ սահմանը, ինչպես Սյունիքի մյուս գյուղերում, առայժմ հսկում են տեղի տղամարդիկ։

Գորիս-Որոտան-Կապան ճանապարհի աջակողմյան հատվածում, մինչև Որոտան գյուղ հասնելը, գտնվում է Քաշաթաղի (Կուբաթլուի) շրջանի Էյվազլար կոչվող, նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներով բնակեցված գյուղը։ Ճանապարհի մի քանի կիլոմետրանոց հատվածն անցնում է վերջին պատերազմից հետո Ադրբեջանին հանձնված տարածքով (քարտեզի վրա՝ տե՛ս Որոտանի մոտակայքը)։
Թեև ճանապարհը դեռ գործում է, բայց տարածքները զիջելուց հետո միջպետական նշանակության ճանապարհի հետագա շահագործումը կասկածի տակ է դրվում, հարակից գյուղներն էլ՝ շրջափակման մեջ ընկնելու վտանգի առջև կանգնում։

Սուրեն Օհանջանյանը՝ Որոտանի վարչական ներկայացուցիչը, կամավորների հետ, ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ հիմա` հսկում են գյուղի և մարզի սահմանները։



Սուրեն Օհանջանյանը ցույց է տալիս Որոտանի միջնակարգ դպրոցը։ Գյուղի դիմացի բարձունքը, տարածքները զիջելու դեպքում, կդառնա սահմանագիծ, և դպրոցի շենքը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ։

Գորիսի տարածաշրջանի պաշտպանական գծի պատասխանատու Հենրիկ Ասրյանի խոսքով, իրենք շարունակում են պահել սահմանը, բայց դեռ վիճակն անորոշ է։ Չգիտեն, թե ինչ կլինի՝ կմնա՞ն նույն տեղում, թե՞ հետ կգան։
Հետ գալու դեպքում վտանգվում են ոչ միայն Որոտան,
այլև Շուռնուխ, Բարձրավան գյուղերը։
«Հողն ու սահմանը գյուղացունն ա, քյասիբինը, հարուստին՝ ի՞նչ։ Դրա համար էսօր էս տղաները նամուս-թասիբ առած, իրենց հողն են պահում»,- նշում է Հ․ Ասրյանը։ Բայց սահմանին կանգնած տղամարդիկ ընտանիքի հոգսը հոգալու խնդիր ունեն, այս առումով ևս նրանց վիճակն անորոշ է։
«Հայրենիքը սկսում է յուրաքանչյուրի ընտանիքից, օջախից։ Էս տղերքը իրենց գործն ու առօրյան թողել են, որ գյուղն ու հողը պահեն։ Բայց մինչև ե՞րբ, պետք ա, չէ՞, էս մարդիկ ընտանիք պահեն»,- նշում է Հենրիկ Ասրյանը։
Այս օրերին որոտանցի երեխաների առօրյայի մաս են կազմում ինչպես ֆուտբոլ խաղալը, այնպես էլ գյուղի սահման գնացող տղամարդկանց հետ նրանց անհրաժեշտ իրերը հավաքելն ու դասավորելը։
Տղաներից ամենափոքրը՝ Արմանը, ասում է, որ ուզում է՝ իրենց ժամանակ բանակում ծառայությունն ավելի երկար տևի։ Արտաշն էլ, թե՝ իրեր տանելն ու մեքենաներում դասավորելն ի՞նչ է, ոչինչ՝ սահման պահելու համեմատությամբ։


Որոտանցիները՝ մեծից փոքր, վստահեցնում են, որ չեն լքի գյուղը, նույնիսկ սահմանամերձ դառնալու դեպքում։
Ռայա Գրիգորյանի խոսքով, վախենալու բան չունեն։ Իր որդիներն ու թոռները, գյուղի մյուս քաջերի հետ կշարունակեն հսկել իրենց սահմանները։
Հեղինակ՝ Բելլա Պետրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ հեղինակի

Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website